«Ես գտա իրական Մակոնդոն` Արդվինի նահանգում գտնվող ծովափնյա Խոփա քաղաքը»

«Ես գտա իրական Մակոնդոն` Արդվինի նահանգում գտնվող ծովափնյա Խոփա քաղաքը»

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
24.10.2014

«Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» շարքի շրջանակում տպագրված Միշել ՈՒելբեքի «Տարրական մասնիկները» վեպի առիթով «Էօն» սրճարանում կազմակերպվել էր հիպիական ոճով շնորհանդես: Հրավիրյալների թվում էին 60-70-ականների երևանյան հիպիները` Սերգեյ Վարդանյանը, Զավեն Սարգսյանը, Երվանդ Երզնկյանը և այլք:
«Հիպին պայմանական անուն է: Վաթսուն-յոթանասունական թվականներին մեզ հիպի էին ասում, բայց, իհարկե, ոչ մեկս հիպի չէր»,- մեզ հետ զրույցում ասաց «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

-Ովքե՞ր էին հիպիները, ինչո՞վ էին առանձնանում:
-Հիպիներն առանձնանում էին իրենց աշխարհընկալմամբ, ճաշակով, լսում էին Ջենիս Ջոփլին, «Բիթլզ», «Լեթ Զեփելին», Ջիմի Հենդրիքս, Արետա Ֆրենքլին, Էլլա Ֆիցջերալդ, Ռեյ Չառլզ, Լուի Արմսթրոնգ և այլն: Այն ժամանակ հեռուստատեսությամբ նման երաժշտություն չէր հաղորդվում, կարծեմ ընդամենը երկու ալիք կար, կամ ժամերով հոկեյ էին ցուցադրում, կամ պատերազմական թեմաներով հազար անգամ տեսած ֆիլմեր, կամ Բրեժնևի ելույթները: Ձայնասկավառակ կարող էինք գնել զբոսաշրջիկներից, որն այն թվերին 50 ռուբլի արժեր` կես աշխատավարձ: Ջինսերը նույնպես թանկ էին: Այդ ժամանակ ամբողջ աշխարհում սկսեցին մոդայիկ դառնալ տղաների երկար մազերը, բեղերն ու մորուքը: Իսկ աղջիկները շպարվում էին, կարճ և նորաձև էին հագնվում, ազատ էին վարքի մեջ: Հիպիների մեջ շատ էին ինտելեկտուալները, որ Քամյու էին կարդում, Սարտր, Կաֆկա: Այն ժամանակ Մոսկվայում տպագրվում էր «Արտասահմանյան գրականություն» ռուսերեն հանդեսը, ես բաժանորդ էի: 1972 թ. տպագրվեց Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», որն ինձ ու ընդհանրապես գրականությանն առնչվող բոլորի վրա անջնջելի հետք թողեց: Իսկ ընդհանրությունը Եվրոպայի և Ամերիկայի հիպիների հետ այն էր, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ հիպիական շարժումը բողոք էր իրականության և կարծրատիպերի դեմ: Մշակութային նոր արժեհամակարգ էր ձևավորվում: Շատ է ասվել, որ համաշխարհային քաղաքակրթություններն ալիքաձև են զարգանում: «Բիթլների» հետ ինչ-որ բան փոխվեց աշխարհում` ապրելաձևը, մշակույթը: Մարքսիզմ, լենինիզմ, կոմունիզմ` այդ գաղափարները մեզանում կորցրել էին իրենց հավատի տարրը: Եթե մինչ այդ որոշ մարդիկ իսկապես հավատացել են, որ 10-20 տարի հետո կոմունիզմ կլինի, 60-70-ականներին դա արդեն զավեշտալի էր: Դժգոհության ալիք կար, քեզ ճնշողն էլ իրականում դժգոհ էր տիրող հասարակարգից:
-Ձեզ հատկապես ի՞նչը գրավեց հիպիական շարժման մեջ:
-Ինչպես ասացի, բողոքն այն իրականության դեմ, որն արժեք չէր ներկայացնում` բրեժնևյան քարոզչությունը, իշխող կուսակցական վերնախավի խոսքի և գործի տարբերությունը, կրթության ոլորտում` ընտրած մասնագիտության հետ կապ չունեցող առարկաների դասավանդումը, նաև, երբ դասերի ժամերին ոտուձեռից ընկած մի դասախոս հազիվ էր արտաբերում իր գրած դասախոսությունները, և բոլորը պիտի քար կտրած լսեին և տետրերում գրեին: Դասախոսները համոզում էին, որ ամենաճիշտը մեր տնտեսությունն է, բայց երազում էին արտերկրի կոշիկ կամ շոր գնել: Այն ժամանակ դատարկություն էր խանութներում, եթե նույնիսկ փող ունեիր, չէիր կարող ոչինչ գնել: Նույնը և գրախանութներում. ամիսներով պիտի գնայիր-գայիր, որ մի հետաքրքիր գիրք հանդիպեր: Հրաշալի երգիչներ ունեինք` Լուսիկ Քոշյան, Հովհաննես Բադալյան, Օֆելյա Համբարձումյան, Ռուբեն Մաթևոսյան, բայց չես կարող ամեն օր լսել նույնը: Նույնիսկ Բախ ու Վիվալդի չես կարող ամեն օր լսել: Այսինքն, ճահճացած վիճակի դեմ էինք ընդվզում, հետո իշխանություններն էլ ընդունեցին դա ու կոչեցին «լճացում»:
-Իսկ ինչպիսի՞ն էր 60-70-ականների նոր երիտասարդության ազգային դիրքորոշումը: Դրսից եկած ալիքը, ազատախոհությունը ի՞նչ էին ենթադրում` ինքնության գիտակցո՞ւմ, վերարժևորո՞ւմ, թե՞ հայացք դեպի դուրս:
-Անկեղծ ասած, շատերը կային, որ սիրահարված էին արտասահմանի ամեն ինչին, և նրանց մեծ մասը ամեն միջոցի դիմեց, որ արտագաղթի: Տասնամյակներ անց նրանցից ոմանց հանդիպել եմ Փարիզում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում, ու, կարծես, այդ տասնամյակների բաժանումը չի եղել, նրանք ինձ հետ սկսել են զրուցել Երևանում կիսատ թողած նախադասությունից: Ես ապշած նկատել եմ, որ թեև նրանք արդեն ամեն ինչ ունեն, բայց մտավոր մակարդակը մնացել է նույնը: Երևի հայրենիքում մի աներևույթ ուժ կա, այսպես ասած, կենսաբանական, մագնիսական դաշտ կա, որն ազդում է մարդկանց մտածողության և ստեղծագործելու ունակության վրա: Իմ ընկեր հիպիների հայացքը ոչ թե դեպի դուրս էր, այլ դեպի ներս: Աթեիզմի ժամանակներում հիմնականում ջինսերով, ուսապարկով, երկար մազերով մարդիկ էին ցեխերի միջով բարձրանում լեռները` եկեղեցիներ ու խաչքարեր տեսնելու: Այնինչ իրենց հայրենասեր համարողներից շատերը երբեք չէին գիշերի վրանում: Նրանց համար առավելագույնը Գառնի-Գեղարդում քեֆ անելն էր:
-Պարոն Վարդանյան, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում այդ շրջանը: Նոր հայացքները, տարբերվող կենսաձևը, հավանաբար, նաև արկածների պատճառ են դարձել:
-Անձամբ ես բավական տարբեր էի իմ սերնդակիցներից: Ընկերս` Արամ Ավագյանը, անգլերեն գիտեր, կարդացել էր հիպիական գրականություն, ռադիոյով լսում էր անգլերեն հաղորդումներ և ինձ ասաց, որ Ամերիկայում ու Եվրոպայում ուսանողների շրջանում տարածված է ավտոստոպով ճամփորդելը: Այսինքն, ճանապարհին հանդիպող համընթաց բեռնատար մեքենաներ էին կանգնեցնում ու անվճար ճամփորդում: Առաջարկեց Մոսկվա գնալ` եղբոր մոտ: 1972 թվականն էր: Գնացինք: Ես գնում էի աշխարհ տեսնելու: Կարդացած գրքերի աշխարհը և իրականը խառնվել էին գլխումս, գնում էի Մարկեսի Մակոնդո քաղաքի նման մի բան գտնելու, նաև Ղրիմի հայկական հուշարձաններն ու Այվազովսկու տունը տեսնելու, Էստոնիայում Աբովյանի Դորպատը` Տարտուն տեսնելու: Երևանից տարբեր բեռնատարներ փոխելով հասանք Սև ծովի ափերը, այնտեղից` Ղրիմ, հետո` ՈՒկրաինա:
Ճանապարհին միառժամանակ մնացինք Մերձբալթիկայում: Այնտեղ հիպիները թափառում էին փողոցներում, գալիս էին տարբեր տեղերից` Ֆինլանդիայից, Եվրոպայից: Երկաթե վարագույրներից հետո տպավորություն էր, որ Եվրոպայում ենք հայտնվել: Տեղի ոստիկանությունը ճնշում էր շարժումը, որովհետև այն վերածվում էր քաղաքականի: Վերևներում մտածում էին, որ դա այլախոհություն է, և ճիշտ էին կարծում: Հիպիներն այլախոհ էին արվեստում, երաժշտության մեջ, քաղաքական հայացքներում: Տալլինում դրուժինաներ էին ստեղծել, կոմերիտական, կոմունիստ աղջիկները, տղաները կանգնեցնում էին հիպիներին, դաստիարակում, ամոթանք տալիս, երեսով էին տալիս, թե ի՞նչ տղա ես, եթե վրայիցդ «Շիպրի» հոտ չի գալիս: Չիմացողներին ասեմ, որ ԽՍՀՄ-ում այն սափրվելուց հետո օգտագործվող, կարծեմ, միակ օծանելիքն էր: Եթե չես սափրվում, մորուք ես պահում` էլ ի՞նչ «Շիպր»: Ոստիկաններն իրենց հերթին էին բռնում հիպիներին, սափրում գլուխները: Ովքեր դիմադրում էին, ծեծում էին: Լիտվայի ծովափնյա Պալանգա քաղաքում ինձ էլ բռնեցին, լիտվացու նման էի, շատերի հետ տարան ոստիկանություն: Ես լսել էի, որ այդ օրերին «Հայֆիլմը» Պալանգայում կինո է նկարում, ասացի` դերասան եմ, հիպիի դեր եմ խաղում, ոստիկաններից մեկն ասաց, որ ինքը տեսել է նկարահանող խմբին. ինձ բաց թողեցին: Ճանապարհը շարունակեցինք, հասանք Լենինգրադ, հետո` Մոսկվա: Ընկերս մնաց, իսկ ես պիտի վերադառնայի ՈՒկրաինա:
-Ինչո՞ւ:
-Գիտե՞ք ինչ, իմ ճանապարհորդության գլխավոր նպատակներից մեկը Կարպատյան լեռներում լինելն էր, իսկ դրա համար պետք էր հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհից շեղվել արևմուտք, իսկ ընկերս չէր ուզում:
-Իսկ Դուք ինչո՞ւ էիք ուզում Կարպատներ գնալ:
-Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պատճառով, որը մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա, դարձել իմ էության մի մասը: ՈՒ մեր ճամփորդության ժամանակ ես ուզում էի անպայման գնալ Կարպատներ` գուցուլներին տեսնելու և ուսումնասիրելու:
Միայնակ վերադարձա Էստոնիա, Լատվիա, Լիտվա, ամենուր արդեն ընկերներ ունեի: Հետո հասա ՈՒկրաինա` Լվով, տեսա հայկական եկեղեցին, իջա Իվանո-Ֆրանկովսկ, որտեղ նույնպես եկեղեցի կար, գնացի Կարպատներ, Յարեմչա, Կոսովո, այլ քաղաքներ ու գյուղեր, ի վերջո հասա Չեռնովցի: Կարպատներում ավելի շատ ճանապարհորդում էի գյուղական սայլերով, որոնք շատ տարածված էին: Կիրակի օրերին գյուղերից ժողովուրդը սայլերով գնում էր տոնավաճառներ, ես էլ նրանց հետ: Վաճառում էին ձեռագործ, ասեղնագործ պարագաներ, նախշազարդ բաճկոններ, ձեռնոցներ, նույնիսկ բրդյա փողկապներ, ամեն ինչ ծաղկազարդ ու գույնզգույն: Իսկը Փարաջանովի ֆիլմի նման: Արդեն սեպտեմբերն էր, ես մանկավարժականի բանասիրականում էի սովորում, դասերը սկսվել էին, պիտի շտապեի, եկա Օդեսա, այնտեղից էլ ինքնաթիռով` Երևան: Երկու ամիս ճանապարհորդել էի:
Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակում պետք է ցուցադրվեր «Մոռացված նախնիների ստվերները»: Անհամբեր սպասում էի: Ամբողջ կյանքում այդ ֆիլմն ինձ ուղեկցել է, երբեմն, շատ տխուր պահերի մրմնջում էի նրա երգերը: Նայեցի ու զարմացա, որ մեծ մասամբ անգիր հիշում էի ֆիլմը: Բացի այդ, ուզում էի կյանքի բազում փորձություններ տեսած 62 տարեկանի հայացքով նայել այն ֆիլմը, որը 20 տարեկանում ինձ հանճարեղ էր թվացել: ՈՒ տեսա, որ Փարաջանովն իսկապես հանճարեղ էր: Հոգիս փառավորվեց, որ չեմ սխալվել:
-Վերադառնանք հիպիների թեմային. ասացիք, որ Մերձբալթիկայում սրված էր վիճակը, իսկ մեզ մոտ անախորժություններից, ծեծկռտոցից խուսափո՞ւմ էիք:
-Տնից դուրս էիր գալիս, արդեն վեճ ու կռիվ էր: Մարդիկ սիրում են, որ իրենց խումբը մյուսից բարձր է լինում, ճնշում են: Ոմանք մտածեցին, որ երկար մազերով տղաներից, աչքերը ներկող աղջիկներից կարող են բարձր լինել, ոչինչ որ դպրոցում իրենք վատ են սովորել: Հասարակության տականքը մտածեց, որ ինքը, որին ուսուցիչը միշտ ասել է ապուշ, բակում ոչնչով աչքի չի ընկել, հիմա կարող է փողոցով քայլող մոդայիկ հագնված աղջկան, երկար մազերով տղային վերևից նայել, առանց պատճառի հայհոյել: Իրենց այդպես պահողներին բազմիցս հասկացրինք, որ ուրիշներին չեն կարող անպատիժ վիրավորել: Իմ հին ընկերը` Արմեն Շեկոյանը, իր «Հայկական ժամանակ» վեպում այդ շրջանի մասին բառացիորեն գրում է, որ Սերգեյը կինո «Նաիրիի» խառոշիների ու գողականների կողմից ճանաչված ու հարգված էր, ու նրա շնորհիվ էր, որ էդ տարիներին կինո «Նաիրիի» հատվածում գողականներն ու հիպիները ահագին ժամանակ լավ էլ կողք կողքի խաղաղ գոյակցում էին: Ավելացնեմ, որ այդ խաղաղ գոյակցությունը հեշտ չտրվեց: Որոշ ժամանակ հետո այդ ալիքը հանդարտվեց: Արդեն մեզ պախարակողներն էին ուշացումով երկար մազ պահում, հոլիդեյ շալվար հագնում:
-Բողոքն ու այլախոհությունը դրսևորում գտա՞ն Ձեր կյանքի հետագա ընթացքում:
-Ճամփորդությունիցս 6 տարի անց` 1978-ին, ես աշխատում էի «Պիոներ կանչում»: Հայաստանի, Ղարաբաղի, Նախիջևանի, Վրաստանի, Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի հայ երեխաներին առաջարկեցի բարբառով հեքիաթներ հավաքել: Աշխարհում նման բան չի եղել, որովհետև գրառում կատարելը ընդունված է 18 տարեկանից: Ամեն օր նյութեր էինք ստանում, թերթի փոստը ողողված էր նամակներով: Ինչպես իր հոդվածներից մեկում գրել է Լևոն Անանյանը, իմ արածը այն ժամանակվա համար իսկական այլախոհություն էր, քանզի խորհրդային հասարակության մեջ բարբառով խոսող մարդը արհամարհվում էր: Երեխաները հանկարծ տեսան, որ իրենց մշեցի, սասունցի, լոռեցի տատի, պապի պատմածը տպագրվում է իրենց համար այդքան կարևոր թերթում: Նրանք արդեն ուրիշ կերպ էին վերաբերվում իրենց բարբառախոս մեծերին, չէին ամաչում նրանց պատճառով: Սերունդ դաստիարակելու խնդիր կար, միաժամանակ փրկվում էին հեքիաթները: Այդ հեքիաթները հրատարակեցի «Հրեղեն ձին» և «Թագավորի երազները» ժողովածուներում, որոնք շատ գունեղ նկարազարդեց նկարիչ Նիկոլայ Մանուկյանը: Հետագայում դրանց անգլերեն ու գերմաներեն թարգմանությունները հրատարակեցի «Փրկված հեքիաթներ» վերնագրով:
-Մասնակցո՞ւմ եք Հովհ. Թումանյանի թանգարանի կազմակերպած մերօրյա հեքիաթասացության և բարբառի փառատոնին:
-Այո: Նույնիսկ արժանացել եմ մեդալի և մրցանակի: Թումանյանի «Սուտասանը» թարգմանել էի Թուրքիայի Արդվին նահանգի Խոփայի գավառի Խոփայի խոսվածքով: Դա իսլամ համշենահայերի խոսվածքն է: Իր տեսակի մեջ բացառիկ է:
-Պարոն Վարդանյան, երկար տարիներ ինքնակամ ստանձնել եք համշենցիների բարբառը, բանահյուսությունը, սովորույթները մոռացությունից փրկելու առաքելությունը: Թե ինչ ճանապարհ եք անցել, ինչպես եք աջակցել համշենցիներին, այդ մասին հանգամանալի զրուցել ենք մեր նախորդ հանդիպման ժամանակ (13.03.2012): 2004-ից տպագրում եք «Ձայն համշենական» ամսաթերթը, որն անվճար բաժանվում է հայկական գաղթօջախներում, Աբխազիայում, Կրասնոդարի երկրամասում: Անգամ թուրքական մամուլն է անդրադարձել այն փաստին, որ մի մարդ իր տանը, միայնակ, համշենահայերին նվիրված թերթ է հրատարակում: Ավելին, «Զամանը» և «Աքսյոնը» Ձեր մասին հոդված են տպագրել` «Երևանում մի տարօրինակ համշենցի» վերնագրով: Ինչո՞ւ համշենցի, երբ Դուք ծագումով վանեցի եք:
-Այդպես են կոչում, որովհետև 35 տարուց ավելի է՝ նվիրվել եմ համշենահայերին: Շատ համշենցիներ էլ են մտածում, թե ես համշենցի եմ: Բացի այդ, հաճախ են ասում, որ նման եմ իրենց: Ղազախստանում համշենցիների մի գյուղ կա, գրեթե բոլորը կապուտաչյա են, ոսկեգույն մազերով: Այնքան ասացին, որ ես էլ կասկածներ ունեցա:
Շվեյցարաբնակ ընկերս` Հովան Սիմոնյանը, ով ուսումնասիրում է հայերի ԴՆԹ-ները, առաջարկեց, որ ես նույնպես հետազոտվեմ: Ի դեպ, դա միջազգային ծրագիր է, բոլոր ազգերն են ընդգրկված: ԱՄՆ-ից ստացված արդյունքները ցույց տվեցին, որ ես Հարավային Հայաստանից եմ, այսինքն` վանեցի եմ: Բայց ուրիշ խնդիր կա: Երբ 1984 թ. ուսումնասիրում էի Ղազախստանի համշենցիներին, տոհմի ավագը` իննսունն անց Իցխակ Կարաիբրահիմովը, որն աքսորից հետո կարողացել էր գաղտնի գնալ Աջարիա, իր թաքցրած ոսկիները բերել, սովից փրկել էր Ղազախստանում վերաբնակեցված հայրենակիցներին, ինձ ասաց, որ իրենք ծագումով վանեցի են: Ես մտածեցի, որ ծերունին ինչ-որ բան շփոթել է: Հետո ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ իսկապես Վասպուրականից արտագաղթ է եղել Համշեն: Բայց ասում են՝ Վանից ենք եկել, որովհետև թուրքական տիրապետության ժամանակ այդ նահանգը կոչվում էր Վան: ՈՒրեմն ոչ թե ես եմ Համշենից, այլ իրենք են Վան-Վասպուրականից, մեր ընդհանրությունը ոչ թե այս կողմից է, այլ հակառակ:
-«Ձայն համշենական» թերթի մասին ի՞նչ կասեք, գիտեմ, որ այն տասը տարի է՝ անխափան լույս է տեսնում:
-Վաղուց էի մտածում, որ Երևանում համշենցիների մասին մի թերթ լինի: Երազանքները երբեմն իրականանում են, բայց ոչ իրենց ժամանակին: Եթե 70-ականներին լիներ թերթը, կունենար 100 հազար ընթերցող: Այն ժամանակ հայկական դպրոցների շրջանավարտներն իրենց կենսագործունեության ակտիվ շրջանում էին, կենդանի էր եղեռնից մազապուրծ սերունդը: Իսկ ներկա սերունդը մտածում է, թե ինչպես լավ ռուսերեն սովորի և ռուսական իրականության մեջ շատ գումար աշխատի: Իրենց ազգային գիտակցությունը, երևակայությունը սահմանափակվում է եկեղեցի կառուցելով ու մոտը լուսանկարվելով:
-Թերթն այդ դեպքում ո՞ւմ է հասնում:
-Նրանց, ում երևակայությունն ավելի զարգացած է: Ամեն տեղ կան մարդիկ, որ ուրիշ են: Թերթը 1000 օրինակով է լույս տեսնում: Աբխազիայում 31 հայկական դպրոց կա: Կրասնոդարի երկրամասում շատերը ավարտել են հայկական դպրոց, շատերն էլ Հայաստանից են գնացել: Վերջին տվյալներով` 282 հազար հայ է ապրում Կրասնոդարի երկրամասում, 44 հազար էլ` Աբխազիայում, որոնց մեծ մասը համշենահայ է:
-Այսինքն, «Ձայն համշենականը» տպագրում եք ոչ թե ըստ պահանջարկի, այլ ինչքան կարո՞ղ եք:
-Այո:
-Դուք Թուրքիայում գրի եք առնում 18-րդ դարում արյունալի սպանդի հետևանքով բռնի կրոնափոխված համշենահայերի երգերը, հեքիաթները, զրույցները` դրանք բնագրով և գրական հայերենով ներկայացնում եք թերթի էջերում: Ըստ այդմ` ի՞նչ խնդիր է լուծում «Ձայն համշենականը»:
-Նախ փրկվում են այդ եզակի բարբառն ու բանահյուսությունը, այնուհետև` եթե որևէ մեկն ուզենա համշենագիտությամբ զբաղվել, թերթում հարուստ նյութ կգտնի, նաև թուրքերենից թարգմանված:
-Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ ծրագրեր ունեք:
-Եղեռնի թեմայով մի քանի հատոր կարող եմ առաջարկել տպագրության: Երկու գիրք գրեթե պատրաստ է: Դերասան Արման Կոթիկյանի հավաքած հուշերը, փաստերը եղեռնի մասին: Երկրորդ գիրքը Զանակ տատի մասին է, համշենցի է, եղեռնի ժամանակ կորցրել, հետո` 43 տարի անց, հանդիպել է տղային: Ես այդ կնոջ թոռներին եմ փնտրել-գտել Լիտվայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Աբխազիայում, Լիբանանում: ՈՒնեմ եղեռնի մասին համշենցի ականատեսների հուշատետրեր, որոնք կարոտ են տպագրության:
-Փաստորեն, ամբողջովին նվիրվել եք համշենահայերին, իսկ երիտասարդ տարիների Ձեր երազանքները` երբևէ Մարկեսի Մակոնդոն տեսնելը և Կարպատներում գուցուլներին ուսումնասիրելը, այդպես էլ անիրագործելի մնացին:
-Ինչո՞ւ, ընդհակառակը, իմ երազանքներն իրագործվել են: Գիտե՞ք, շատերի երազանքներն են իրականանում, բայց նրանք դա չեն էլ իմանում, որովհետև մենք երազանքների իրագործումը պատկերացնում ենք դրանց պարզունակ կատարմամբ: Այնինչ Աստված երբեմն ավելին է տալիս: Այնպես ստացվեց, որ ես, ուկրաինական գուցուլներին ուսումնասիրելու փոխարեն, զբաղվում եմ քրիստոնյա և իսլամ համշենցիներով, որոնք հայ են և շատ հարուստ մշակույթ ունեն, երգ, պար, բարբառ և այլն, նաև գուցուլների նման լեռներում պարկապզուկ են նվագում ու շուրջպար բռնում: Իսկ Մակոնդոն, ինչպես հայտնի է, իրականում չկա, Գարսիա Մարկեսի հորինած քաղաքն է, որի փոխարեն ես գտա իրական Մակոնդոն` Արդվինի նահանգում գտնվող ծովափնյա Խոփա քաղաքը, որի 19 հազար բնակիչների մեծ մասը իսլամ համշենցի է, որոնք, սահմանի փակ լինելու պատճառով, չեն շփվել հայերի հետ և, ինչպես Մակոնդոյի բնակիչները, մոռացել են շատ առարկաների և երևույթների անունները. շատերն էլ աթեիստներ են, և պետք է, ինչպես Մակոնդոյում, մեծ պաստառի վրա գրել՝ «Վերևում Աստված կա», որովհետև իսկապես կա, և Նա է իրականացնում մեր երազանքները:

Աղբյուրը՝ www.irates.am


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *