Կյանքից հեռացել է Սերգեյ Վարդանյանը

Կյանքից հեռացել է Սերգեյ Վարդանյանը

-Պարոն Վարդանյան, Դուք վանեցի՞ եք:
-Շա՞տ է զգացվում:
Նուրբ հումորի տեր, անսահման բարի, նրբանկատ, համեստ ու կիրթ… Սերգեյ Վարդանյանն է՝ արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս: Եթե ասենք, որ կորցրել ենք իսկական ՀԱՅ մտավորականի, քայլող հանրագիտարանի ու մեծագույն գիտնականի, դարձյալ ամբողջովին նկարագրած չենք լինի մեծն հայորդուն, քանի որ հայագիտության ոլորտում ու առավել ևս՝ հայապահպանության սրբազան գործում նրա վաստակն իսկապես անուրանալի ու ահռելի է:
Տարիներ շարունակ անմնացորդ նվիրումով շրջել, փշուր առ փշուր հավաքել ամեն նշխար, վերծանել, թարգմանել, վերականգնել, պեղել, հայտնաբերել, հետազոտել, նոր շունչ տալ ու գնալ կորած հայերի հետքերով… Մեկ մարդ՝ մի քանի ինստիտուտի գործ…
Ճիշտ չէ, երբ ասում են՝ չկան անփոխարինելի մարդիկ, այդպիսիք կա՛ն, և նրանցից մեկը եզակի անձնավորություն Սերգեյ Վարդանյանն է:
Անհնար է նրա մասին խոսել անցյալ ժամանակով, և դրա կարիքն ամենևին չկա, չէ՞ որ մարդու գործն է միշտ անմահ: Եվ ինչպես ժամանակին Մահարին անհամացրեց իր սիրելի Այգեստանը, իսկ Չարենցը՝ Կարսը, այնպես էլ Սերգեյ Վարդանյանը հետագա դարերի ու սերունդների համար հավերժացրեց, փրկեց ու անմահացրեց Համշենը՝ գրելով այն նվիրական վայրերի ու այն մարդկանց մասին, որոնց նա ապրեցրեց ու հանուն որոնց ապրեց ու գործեց մի ողջ կյանք՝ ապացուցելով, որ հենց ի՛նքն է Լույս Համշենին և Ձայն համշենականը, որն արդարացիորեն կրկնում էր. «Եթե ես չգրեմ, ոչ ոք չի գրի…»:
Մեր խորին խոնարհումը մեծանուն գիտնականի ու նվիրյալ հայորդու լուսավոր հիշատակին ու անկեղծ վշտակցությունը նրա ընտանիքին, հարազատներին և Սերգեյ Վարդանյանի գործն իսկապես գնահատող բոլոր մարդկանց…

Ամալյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով