Սերգեյ Վարդանյանի հեղինակությամբ հրատարակվել է «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը
Երևանում լույս է տեսել հայ ազգագրագետ, բանահավաք, համշենագետ Սերգեյ Վարդանյանի «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» մենագրությունը (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչություն, 352 էջ + 16 էջ գունավոր ներդիր, Երևան, 2022)։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով Սերգեյ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկութունների վրա։
Ինչպես հայտնում է հեղինակը, գրքում նա համեմատում է 1987 թ․ Ղազախստանի, իսկ 2000-2013 թթ․ Թուրքիայի կրոնափոխ համշենահայերից իր կողմից գրի առնված մի զվարճապատումի 6 տարբերակները, ինչպես նաև՝ 1995թ. Բոստոնում մի կրոնափոխ համշենցուց Հարվարդի համալսարանի երեք աշխատակիցների գրառած նույնատիպ մեկ այլ պատումը Արցախի, Սյունիքի, Նախիջևանի, Պարսկաստանի Ղարադաղի և Փերիայի գավառների, Ջավախքի, Լոռու, Տավուշի, Սևանի ավազանի, Կեսարիայի, Վանի Կաճեթ գավառակի, Մուշի, Արաբկիրի, Խարբերդի, Բեյրութի, Հալեպի հայերից գրառված փոփոխակների, նաև ռուսական, թուրքական, պարսկական, ասորական տարբերակների հետ:
Ըստ նրա՝ այս զվարճապատումի ամենահին տարբերակը 1860 թ. գրառվել է Շուշիում: Բոլոր պատումների բնագրերը տպագրվել են մենագրության «Բնագրեր և թարգմանություններ» բաժնում: Հեղինակը հավելում է, որ սույն գրքում հայ բանագիտության մեջ առաջին անգամ քրիստոնյա և իսլամ հայերի բանահյուսությունը համեմատելու փորձ է արվում: Նաև առաջին անգամ է, որ մեկ գրքում մեկտեղվում են սյուժետային ընդհանրություններ ունեցող շուրջ 40 զվարճապատումներ:
Աղբյուրը՝ akunk.net