ԱՍՔ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
«Արյունոտ սերմեր». այսպես է վերնագրված ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանի ռուսերեն գիրքը, որը լույս է տեսել օրերս: Գրքում լուսաբանվում է Աբխազիայի եւ Կրասնոդարի երկրամասի հայության մասնակցությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած 13 հայերի կատարած սխրանքներին:
-«Արյունոտ սերմերը» տպագրվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ: Բայց եթե անգամ այդ առիթը չլիներ, նմանաբովանդակ աշխատության կարիք էր զգացվում: Դեռեւս 1985 թվականին «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում պատմեցի 13 հերոսներից մի քանիսի մասին: Միշտ մտածում էի, որ պետք է ամբողջացնել շարքը: Մեր հանրությունը մի քանի հերոսի գիտի միայն, շատերի մասին չի էլ լսել: Երբ ճանապարհորդում էի Կրասնոդարի երկրամասում, անընդհատ հանդիպում էի պատերազմի հետքերի. անտառներում դեռ պահպանվում են խրամատները, խոցված մարտական մեքենաների մասերը: Սա եւս ինձ դրդեց ձեռնամուխ լինելու գրքի մշակմանը:
Թուրքիայի Տրապիզոնի նահանգում, որտեղից գաղթել են Կրասնոդարի երկրամասում եւ Աբխազիայում բնակվող հայերից շատերի նախնիները, 100 տարի առաջ կար 155 հայկական դպրոց, 145 վանք ու եկեղեցի, 21 մատուռ, տպագրվում էին հայալեզու 11 թերթեր ու ամսագրեր: Մեծ եղեռնից փրկված համշենահայերը երկու տասնամյակի ընթացքում կարողացել էին Աբխազիայում հիմնել 128 հայկական դպրոց, այստեղ սովորում էր 12 հազարից ավելի աշակերտ, իսկ այսօր 40 հազարից ավելի հայությունն ունի ընդամենը 31 հայկական դպրոց՝ ընդամենը 2000 աշակերտով, իսկ Կրասնոդարի երկրամասում, որտեղ ապրում է շուրջ 282 հազար հայություն, չկա ոչ մի հայկական դպրոց, այնինչ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950 թ., գործում էր 140-ը:
1942 թվականի ամռանը գերմանացիները գրավեցին Կրասնոդարը, Մայկոպն ու Արմավիրը: Կրասնոդարում ֆաշիստների վայրագությունների դեմ ոտքի կանգնեցին բազում հայորդիներ: Պարտիզանական շարժումն ընդգրկեց ամբողջ երկրամասը. որդիները վրեժ էին լուծում ծնողների, եղբայրների ու քույրերի համար, որոնք Եղեռնի զոհ էին դարձել Գերմանիայի թողտվությամբ: Հայ պարտիզաններն ամենուրեք էին. Հայկաձորից, օրինակ, մասնակցում էր 127 մարդ: Միայն Սերգեյ Պոլե գյուղից պատերազմին մասնակցեց 154 զինվոր, 76-ը զոհվեցին՝ այդ թվում Հովհաննես Երեմյանի հինգ որդիները: Ինչպե՞ս չգրել այս մասին, կամ ինչպես չհիշեցնել Կրասնոդարի երկրամասի Շահումյան գյուղի ազատագրումը, որի ժամանակ զոհվեց 700 հայորդի:
Խոսեմ Խորհրդային Միության հերոս, 25-ամյա օդաչու Մարտիրոս Նագուլյանի մասին: Նա ծնվել է 1920 թվականին, Խնձորուտ գյուղում՝ Եղեռնից մազապուրծ համշենցու ընտանիքում: Ընտանիքը շուտով տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Ներքին Շիլովկա գյուղ: Մեկ տարվա ուսանող էր, երբ սկսվում է պատերազմը: Ինն ամսվա ընթացքում լեյտենանտ Նագուլյանը ոչնչացնում է հակառակորդի 6 տանկ, 150 ավտոմեքենա եւ ռազմամթերքով բեռնված 100 սայլ, 3 շոգեքարշ, 18 երկաթուղային վագոն՝ բեռնված ռազմական տեխնիկայով, խորտակում է 2 բեռնանավ, 25 զենիթահրթիռային մարտկոց, իսկ օդային մենամարտում խոցում է 2 կործանիչ, ոչնչացնում է 1000-ից ավելի ֆաշիստի: Նա զոհվել է 1945 թվականի ապրիլի վեցին, Լեհաստանի Դրեւնիցա գյուղի մերձակայքում:
Տարիներ առաջ Երեւանում հանդիպեցի Մարտիրոս Նագուլյանի քրոջը՝ տիկին Պայծառին, որը եկել էր Աբխազիայից: Պարզվեց, որ Մարտիրոսի քույրերը՝ Պայծառն ու Մարթան, նաեւ եղբայրները՝ Հարությունն ու Գրիգորը, տեղական իշխանության կողմից հրավիրվել են Դրեւնիցա եւ մասնակցել հերոսի կիսանդրու բացմանը: Ինքնաթիռի կործանման վայրում եւս կանգնեցվել է հուշակոթող: Երկու տարի անց Մարտիրոսի հարազատները նորից Դրեւնիցայում էին, այստեղ նրանց եւս մեկ անակնկալ էր սպասվում՝ հերոսի մասին պատմող գիրքը, որտեղ բանաստեղծական այսպիսի տողեր կան. «Ինչպես արյունոտ մի սերմ, ընկար լեհական հողում…»:
Ինչո՞ւ ընտրեցի Աբխազիայի եւ Կրասնոդարի երկրամասերը: Վերջին քսան տարիների ընթացքում հայերին հաճախ են մեղադրում, թե նրանք անկոչ հյուրեր են, սպառողներ, ավանդ չունեն այդ տարածաշրջանում: Ընդ որում, այս գործում խառն է նաև Ադրբեջանի մատը: Փաստերն ու պատմությունները պետք են ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող այլ ազգերին, կուսակցությունների անդամներին, տեղական իշխանություններին: Այդ մտահոգություններից դրդված՝ «Պատմության էջեր» գլխում համառոտ ներկայացրի, թե երբ և որտեղից են հայերը հայտնվել այդ երկրամասում: Քանի որ Կրասնոդարի երկրամասի հայերի զգալի մասը համշենահայեր են, գրում եմ, թե ովքեր են համշենահայերը, ներկայացնում եմ նրանց ծագումնաբանությունը: Ցավոք, նրանցից շատերն իրենք էլ չգիտեն այդ մասին, կտրվել են ազգային արմատներից:
Աղբյուրը՝ www.hayzinvor.am