Գլխավոր խմբագիր

Գլխավոր խմբագիր

Սերգեյ Գագիկի Վարդանյան (ծնվ. նոյեմբերի 9, 1952, Երևան), բանասեր, ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։ 1969 թ․ ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թ․՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: 1991-2002 թթ․ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991, 2003-2004 թթ. և 2009 թ-ից գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է։ 1978 թ․ «Պիոներ կանչ» թերթի, իսկ 1982 թ․ «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թ․ և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։
          Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը 1989 թ․ տպագրվել է Երևանում, իսկ 1994 թ․ արևմտահայերենով՝ Ստամբուլում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն:
          Սերգեյ Վարդանյանը դեռևս 1970-ական թթ-ից զբաղվում է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ գյուղերով և քաղաքներով։ ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածներ է գրել։ Համշենցի հայերի մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979 թ․։ 1982 թ․ «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանավարտներին Հայաստանի մանկավարժական բուհերում 1983 թ-ից սկսած տարեկան 30-ից ավելի արտամրցութային տեղեր հատկացնել։
          Սերգեյ Վարդանյանը 1984 թ․ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների համշենցիների գյուղերում։
          Թուրքիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թ․ իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թ․ Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում։
           2015 թ․ Երևանում լույս է տեսել Սերգեյ Վարդանյանի «Окровавленные семена» (Արյունոտ սերմեր) ռուսերեն գիրքը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
          Սերգեյ Վարդանյանը 1992 թ-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է, 2004 թ-ից՝ նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։ Թերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում է հայրենիքում և սփյուռքում։

          Պարգևներ
          1992 թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից Վատիկանում ստացել է նրա անվան Արծաթե հուշամեդալ: 2001 թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան ուխտագնացության ժամանակ նրանից ստացել է հատուկ այդ այցելության առթիվ սահմանափակ քանակով թողարկված հուշամեդալ:
          «Հայաստանի մայրաքաղաքները» (1995) գրքի համար, որպես 1995-1996 թվականների լավագույն գիտական հրատարակության հեղինակ 1997թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի:
          Որպես լրագրող 1980թ. արժանացել է Հայաստանի Ժուռնալիստների միության մրցանակին, իսկ որպես գլխավոր խմբագիր 2009-ին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին, 2010թ.՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալին:
          Իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար նա 2012 թ․ արժանացել է նաև Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալին, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին և Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին, 2013 թ․՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մրցանակի, 2015 թ․՝ Հայաստանի Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալին:

          Արտաքին հղումներ

  • «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621:
  • «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544:
  • «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014:
  • «Հանրագիտական բառարան», Երևան, 2018, էջ 923: